ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հակահետախուզության վերջին ռոմանտիկը

Հակահետախուզության վերջին ռոմանտիկը
01.03.2023 | 07:37

Վյաչեսլավ Երվանդի Կևորկովը ծնվել է 1923 թվականին, Մոսկվայում, մայրաքաղաքի նորաձևության սիրահարների շրջանում մեծ ճանաչում ունեցող ձևարար-դերձակների ընտանիքում: 1941-ից անցնելով զինվորական ծառայության, շնորհիվ գերմաներենի իմացության, գործուղվել է օտար լեզուների ռազմական ինստիտուտ, ավարտել ուսուցման արագացված կուրսերը, հաճախակի գործուղումներ ունեցել ռազմաճակատ (աշխատանք ռազմագերիների հետ), թշնամու թիկունք:


1945 թվականին՝ Բեռլինում, դաշնակցային զինվորական վարչակազմում աշխատել է թարգմանիչ: Երկրորդ հայրենականի ավարտը դիմավորել է կապիտանի զինվորական կոչումով: 1950-ին գործուղվել է ԽՍՀՄ պետանվտանգության նախարարություն, օպերլիազորի հաստիքով աշխատել հակահետախուզությունում, հետագայում զբաղեցրել պետի տեղակալի պաշտոնը: 1954-ին հրամանագրվել է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմադիվանագիտական ակադեմիայում` որպես ունկնդիր: ԽՍՀՄ պետանվտանգության աշխատակցի որակում 1950-1960-ականներին գործունեություն է ծավալել շատ ու շատ երկրներում, մասնավորապես` Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Բելգիայում:
Վ. Կևորկովի մասնագիտական գործունեության նոր մեկնակետ է դարձել 1968 թիվը, երբ ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Յու. Վ. Անդրոպովի հանձնարարությամբ (եղել է նրա հատուկ հանձնարարությունների գծով դեսպանն ու գաղտնի խորհրդականը) խորապես անցավ արտաքին քաղաքականության ոլորտում գործունեության ծավալման. «սառը պատերազմի» ամենաբուռն շրջանում նրա ուսերին էր ծանրացած Արևմտյան Գերմանիայի հետ կապեր հաստատելը: Հընթացս նշենք, որ Յու. Անդրոպովից զատ նա ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարի դստեր` Գալինա Բրեժնևայի միջոցով կապեր է ունեցել և Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի հետ:


Հանձնարարությունն առանձնակի բովանդակային իմաստ ստացավ հատկապես այն բանից հետո, երբ ԳՖՀ-ում իշխանության եկավ (1969) Վիլլի Բրանդտն իր «արևելյան քաղաքականությամբ»: Այս շրջանում (1972-1982) նրա կարիերան նման էր դանակի սայրի վրայով քայլող մարդուն բաժին հասած փորձության, մանավանդ որ, ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյում ու դրանից դուրս ազդեցության ոլորտների տիրապետման համար բարդ կոմբինացիոն պայքար էր ընթանում ՊԱԿ-ի նախագահ Յու. Անդրոպովի ու առավելապես անդրատլանտյան դիրքորոշմանը հակված ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Ա. Գրոմիկոյի միջև: Այս մրցակցությունում հանգուցային դերակատարում ունեցավ ԽՍՀՄ-ի ու ԳՖՀ-ի միջև կնքված Մոսկովյան պայմանագիրը, որի նախապատրաստման գործում մեծ էր Կևորկովի ներդրումը:


1975 թվականին նրա` անվտանգության գեներալ-մայորի գլխավորությամբ ԽՍՀՄ արտգործնախարարության կազմում ստեղծվեց անվտանգության ծառայություն, որի գործունեության արդյունքում մերկացվեցին արտասահմանյան հատուկ ծառայությունների մի շարք գործակալներ:
Տասնհինգամյա ընմիջումից հետո՝ 1982 թվականին ԽՄԿԿ կենտկոմ Յու. Անդրոպովի տեղափոխվելուց հետո, Վ. Կևորկովը հեռացավ զբաղեցրած պոստից, աշխատանքի անցավ ТАСС-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ` ամբողջովին տրվելով լրագրողական գործունեությանը, ոլորտ, որի նկատմամբ հետաքրքությունը ծնվել էր դեռևս Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում աշխատելու տարիներին:
Շուրջ տասնամյա բեղուն գործունեությունից հետո 1991թ. օգոստոսին նա հարկադրաբար հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Պատճառն իշխանության եկածների հետ տարաձայնություններն էին: 1991-1997թթ. Վ. Կևորկովը, մինչև թոշակի անցնելը, գերմանախոս երկրներում (ԳՖՀ, Ավստրիա, Շվեյցարիա) գլխավորել է ИТАР-ТАСС-ի միացյալ լրատվական կենտրոնը:


Պետանվտանգության մարմիններում ու առհասարակ դիվանագիտության ոլորտում ծանրակշիռ հետք թողած հայորդին, ով Կարմիր դրոշի (կրկնակի), Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր աստղի շքանշանակիր էր, բազմաթիվ հոդվածների կողքին հեղինակել է տասը գիրք: Դրանք տարբեր ժանրային պատկանելության են, որոնցից երկուսը` «Սուրբ աթոռը դատարկ է» ու «Ամեն մեկին` իրենը», գրվել են կյանքի վերջին շրջանում: Սակայն այնպես չէ, որ նա միայն այլոց մասին է ունեցել հրապարակումներ: Բավականին լայն դիտարկումների նյութ է հանդիսացել և նրա ապրած կյանքը: Ի մասնավորի նշենք 90-ամյակի կապակցությամբ նրա պատվին «Ռոսիա» հեռուստաալիքի պատրաստած «Հակահետախուզության վերջին ռոմանտիկը» փաստավավերագրական ֆիլմը:
Լրագրողականից զատ Վ. Կևորկովը մեծ կապեր է ունեցել նաև գրողական շրջանների հետ: Մասնավորապես, մտերմիկ հարաբերություններ է ունեցել հանրահայտ գրող, կինոսցենարիստ Յուլիան Սեմյոնովի հետ, եղել է նրա «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել» վեպի ու համանուն հեռուստասերիալի, «ՏԱՍՍ...»-ի շարունակություն «Միջմայրցամաքային հանգույց» վեպի ՊԱԿ-ի աշխատակից Վիտալի Սլավինի կերպարի նախատիպը: Մեծ է եղել նրա հետաքրքրությունը նաև սպորտի նկատմամբ, կանոնավոր զբաղվել է ակադեմիական թիավարությամբ:


20-րդ դարի ամենախորհրդավոր մարդկանցից մեկի համարումն ունեցող մեր հայրենակիցը կյանքին հրաժեշտ է տվել բավականին առաջացած տարիքում, 2017թ. հունիսին՝ Բոննում, որտեղ ապրում էր վերջին տարիներին: Եվս 38 օր ու նա կտոներ 94-ամյակը:


ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 8596

Մեկնաբանություններ